Աֆղանական կենտրոնական Վարդակ նահանգի Սեյդաբադ շրջանում աֆղանցի նվազագույնը վեց խաղաղ բնակիչներ զոհվել են ՆԱՏՕ-ի խոշոր ռազմակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, շաբաթ երեկոյան հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես գործակալությանը հաղորդեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ռազմակայանի անձնակազմից ոչ ոք չի տուժել: Կառավարությունում հստակեցրել են, որ քաղաքացիական վեց անձինք են զոհվել, վիրավորվել են տեղի հետախուզության երկու աշխատակիցներ:
Զոհերի թիվը կարող է աճել, խոստովանել է գործակալության զրուցակիցը:
Իշխանությունների տվյալներով` ահաբեկչությունը կատարվել է արեւածագին: Առաջին պայթուցիկը կայանի դարպասների մոտ պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը, հետո մոտեցել է պայթուցիկներով բեռնատար եւ նույնպես պայթել: Կայանի մոտ գտնվող ոչ մեծ շուկան ամբողջությամբ ավերվել է, պատմել են դեպքի ականատեսները:
Թալիբան շարժման ներկայացուցիչը AFP-ին նամակ է գրել, որում խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:
ՄԱԿ-ի տվյալներով` 2012թ. սկզբից Աֆղանստանում զոհվել են 1145 քաղաքացիական անձինք, եւ 1954 աֆղանցիներ վիրավորվել են: Զոհերի 80 տոկոսը մահացել են գրոհայինների գործողությունների արդյունքում, հաշվել են միջազգային դիտորդները:




























