«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապաեւ` վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը: Այդ մասին ասվում է միության տարածած հաղորդագրության մեջ:
«Հունգարական իշխանությունների` ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսեւորում եւ համարում անհամատեղելի Եվրամիության դավանած արժեքներին»,- նշել են հայտարարության հեղինակները:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։



























