Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, կնոջ եւ երեխաների հետ այցելել է Երեւանի թիվ 177 դպրոց:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերմեկյան հանդիսավոր տողանի շարված աշակերտներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավոր է բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ ուսման մեջ. «Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը, իմ կարծիքով, ոչ միայն լավ ավանդույթ է, այլ նաեւ հրաշալի առիթ թեկուզ կարճ ժամանակով դպրոցական տարիները վերհիշելու համար: Իսկ այն, որ մեզ համար դպրոցը եղել է հարազատ տան նման, վստահ եմ, համաձայն եք բոլորդ: Ու հենց այս զգացումն է, որ առաջին հերթին կուզեի մենք` ծնողներս, փոխանցեինք մեր երեխաներին, ինչը, հաստա՛տ, շատ մեծ նշանակություն կունենա ուսման հանդեպ նրանց վերաբերմունքի հարցում: Լավ կրթություն եւ հայեցի դաստիարակություն ստացած սերունդն է ապահովելու մեր երկրի ապագան։ Մեր վաղվա օրը հենց այս երեխաների ձեռքերով է կերտվելու եւ նրանք են շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը։ Հենց այս վստահությամբ էլ եկեք շնորհավորենք բոլորիս գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ ու բարի երթ եւ ուսման մեջ նորանոր հաջողություններ մաղթենք մեր երեխաներին»,-նշել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ: Երեխաները քաղաքապետին խոստացել են լավ սովորել եւ դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաեւ դպրոցի այլ դասասենյակներով, ծանոթացել շենքային պայմաններին եւ մեկ անգամ եւս վստահեցրել ծնողներին ու ուսուցիչներին, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը լինելու է շարունակական: