ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին աշխատանքային այց կատարեց «Սիս Նատուրալ» ընկերություն: Հանրությանը «Սիս Նատուրալը» հայտնի է հյութերի «Յան», «Սիս», «Ջուսիս» ապրանքանիշերով; Բնական հյութերից բացի՝ ընկերությունը սկսել է արտադրել նաեւ բանջարեղենային պահածոներ եւ մրգային մուրաբաներ:

Արտադրության ընդլայնման նպատակով ընկերությունը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական  Հիմնադրամի կողմից` 400 մլն դրամի չափով: Այդ միջոցներից 200 մլն դրամն ուղղվել է «Սիս Նատուրալի» բաժնեմասերը ձեռք բերելուն, իսկ 200 մլն դրամը փոխառություն է:

Ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել նոր հոսքագիծ, որը հնարավորություն է տալիս վերամշակել տեղական շուկայից մթերած մրգերն ու բանջարեղենը: Ներկայում լայն թափով ընթանում են դեղձի մթերումները՝ կգ-ը 60 դրամով: Առաջիկայում մեծ ծավալններ կստանան նուռի մթերումները, իսկ մինչ այդ մթերվել է 200 տոննա ծիրան, 20 տոննա բալ, 40 տոննա մասուր:

Արտադրանքն արտահանվում է աշխարհի բազմաթիվ երկրներ, սակայն արտահանման հիմնակա շուկան դեռեւս Ռուսաստանն է: Ընկերության տնօրեն-հիմնադիր Արմեն Հակոբյանի խոսքով՝ լուրւջ ու հաջողված քայլեր են իրականացվում եվրոպական (մասնավորապես՝ ֆրանսիական) ու ամերիկյան շուկայում հաստատվելու համար, արտահանումներ են կազմակերպում նաեւ Իրաք, Միջին Ասիայի պետություններ:

Ընկերությունն ունի 100 աշխատողներ, որոնցից 70%-ը կանայք են: Ա. Հակոբյաի տեղեկացմամբ՝ բանվորների միջին ամսական աշխատավարձը 80 հազ. դրամ է: