Հուլիսի 21-ին, ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի ՋԷԿ-ի կաթսայատուրբինային արտադրամասում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Մոտ 25 մետր բարձրությունից ընկել եւ ջախջախվել է կռունկավար, 49-ամյա Ռաֆիկ Ամյանը: Ամյանը 3 դուստրերի հայր էր: Սա նման առաջին դեպքն է Հրազդանի ՋԷԿ-ի գործարկումից ի վեր: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության եւ դատախազության համատեղ քննչական խումբը:

«Հրազդանի էներգետիկ ընկերություն» (Հրազդանի ՋԷԿ, Հայաստան) ԲԲԸ-ի բաժնետոմսերի ողջ փաթեթը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտեգազ» ընկերությանը: Այդ փաթեթը հանձնվել է «Ռոսնեֆտեգազի» կապիտալին՝ որպես լրացուցիչ էմիսիայի փոխհատուցում ՝ գազային ոլորտի եւս 78 ընկերություններում պետական բաժնեմասի հետ միասին:

Հրազդանի ՋԷԿ-ը (4 գործող բլոկներով) 2002թ. որպես սեփականություն փոխանցվել է Ռուսաստանին պետական պարտքից 31 միլիոն դոլարի մարման դիմաց: 5-րդ՝ կառուցվող էներգաբլոկը, պատկանում է «Հայռուսգազարդին», որն այդ բլոկը ձեռք է բերել 2006թ. ապրիլին «Գազպրոմի» եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում: