ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը,  պատասխանելով «168 ժամ» թերթի թղթակցի հարցին, թե` ՀՀ իշխանությունները ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելով արդյո՞ք ցանկանում են ցույց տալ ԲՀԿ-ի իրական «տեղը», ասել է. «Մինչ հիմա բոլորն էլ գիտեն ԲՀԿ-ի տեղը, այլ խնդիր է, որ ԲՀԿ-ն առանց տեղը փոխելու` ցանկանում է ցույց տալ, թե ինքը նոր տեղում է: Քանի դեռ իր տեղը ցույց չի տալիս, դժվար թե իրեն որեւէ մեկը հավատա: Տվյալ պարագայում չեմ ցանկանում կրկնել «մերկ արքայի» պատմությունը` եթե արքան մերկ է, բոլորն էլ տեսնում են դա»:

«Միաժամանակ Ա. Մելիքյանը նշել է, թե ԱԺ-ում ԲՀԿ-ն կարողացավ, այսպես ասած` «անկյուն քշել» ընդդիմադիր ուժերին: «Այսօր ԱԺ-ում` որպես առավել ծանրակշիռ ուժ, դիտարկվում է ԲՀԿ-ն, որն անհայտ է, թե քաղաքական առումով իրենից ի՞նչ է ներկայացնում: Դա ամորֆ մի զանգված է, որը ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն, եւ տպավորություն է, որ այդ տեսանկյունից առաջիկայում պարոն Ծառուկյանը շատ լուրջ որոշումներ ունի կայացնելու»»,- մեջբերում է «168 ժամը»: