«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս որոշում չունի` կապված փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին հանդես գալու ձեւաչափի հետ: Կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ դեռեւս քննարկումներ են ընթանում, քննարկվում են բոլոր տարբերակները` թե սեփական թկենածուով հանդես գալը, թե միասնական թեկնածուով հանդես գալը, եւ թե որեւէ թեկնածուի սատարելը: Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե կուսակցությունը որոշել է հանդես գալ սեփական թեկնածուով եւ չի սատարելու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե իհարկե նա առաջադրվի: «Այս պահին լուրջ քննարկումներ չկան, կուսակցությունը բաղկացած է մի շարք մարդկանցցից, որոնք հանդիպում են, ինչ-որ բաներ են քննարկում, առաջարկներ են անում, նորմալ պրոցես է»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը չցանկացավ կոնկրետ ժամանակ մատնանշել, թե երբ պարզ կլինի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված` նշելով, որ դեռեւս ժամանակվարեպ է այդ մասին խոսելը:
Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով եւ չի պաշտպանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։ «Այս օրերին կուսակցության քաղխորհուրդը քննարկում է, թե ով պետք է առաջադրվի կուսակցությունից եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է թերթը:





























