ՀՀ 2013 թ. պետական բյուջեում նախատեսված է 62.5 մլրդ դրամ (մոտ 150 մլն դոլար) հատկացնել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման նպատակով: 2012 թ. համեմատ ծախսերն ավելացել են մոտ 4.5 մլրդ դրամով:

Պետական մարմինների պահպանման ծախսերի հիմքում 17.1 հազ. հաստիքային միավորների առկայությունն է: Այսինքն` 1 աշխատողի բյուջետային ծախսը տարեկան 3.6 մլն դրամ է կամ ամսական 304 հազ. դրամ:

Պետական ֆինանսավորման 62%-ը կամ 39.3 մլրդ դրամ ծախսվելու է աշխատավարձերի համար: Այսինքն` 1 պետական աշխատողի աշխատավարձային ծախսը տարեկան 2.3 մլն դրամ է կամ ամսական 191 հազ. դրամ:

Նշենք, որ հանրային սեկտորում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման, միջին ամսական աշխատավարձը ընդամենը 95 հազ. դրամ է: Պատճառը ուսուցիչների, մշակութային օբյեկտների եւ այլ պետական հաստատությունների ցածր աշխատավարձերն են` պետական ծառայողների աշխատավարձերի համեմատ:

Պետական մարմիններում աշխատավարձից հետո ամենախոշոր ծախսը գործողումներն են` 2 մլրդ դրամ, որից 1.4 մլրդ դրամը` արտասահմանյան գործողումներ: Նախորդ տարիների համեմատ գործողումների ֆինանսավորումը 2013 թ. փոքր-ինչ ավելացվել է:

Տրանսպորտային սարքավորումների (ծառայողական մեքենաների) ձեռքբերման նպատակով 2013 թ. առաջարկվում է ծախսել 57 մլն դրամ (մոտ 140 հազ. դոլար): Այս գումարը բավական է միջին կարգի 7-8 մեքենա ձեռքբերելու: Հատկացումներն ավելին են, քան 2012 թ. նախատեսված 44 մլն դրամը, սակայն 2011 թ. համեմատ պակաս են գրեթե 3 անգամ: