86-ամյա  Հ. Ն-ն  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Բ.Գ-ի հետ, որի ընթացքում վնասել է վերջինիս ծաղիկները, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սեղմել է նրա ձեռքերը, ոտքերով հարվածել ոտքերին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

86-ամյա Հ. Ն-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 10-ին` ժամը 15:00-ի սահմաններում, իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Բ.Գ-ի հետ, որի ընթացքում վնասել է վերջինիս ծաղիկները, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սեղմել է նրա ձեռքերը, ոտքերով հարվածել ոտքերին եւ ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսի արյունազեղումների, աջ սրունքի դրսային կոճի շրջանի քերծվածքի ձեւով Բ.Գ-ին պատճառել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 185 հոդվածի 1-ին մասով` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել`  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 15-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: