ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատարի տեղակալ Մ.Հ-ն առավոտյան տողանից ուշանալու համար զորամասի շարահրապարակում մեկ անգամ ապտակել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող Գ. Ս-ին եւ անպարկեշտ ձեւով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ գործը սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Մ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ՀԳ-ի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, կոչումով մայոր, իր ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ` առավոտյան տողանից ուշանալու համար 2012թ հուլիսի 2-ին ժամը 09:00-ի սահմաններում զորամասի շարահրապարակում մեկ անգամ ապտակել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող Գ. Ս-ին` անպարկեշտ ձեւով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ մասով` զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով:Գործը դատարանում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 9-ին:



























