Պարզվել է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Վանաձորում վթարի ենթարկված «Օpel» մակնիշի մեքենայի վարորդի ինքնությունը, ով հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց մահացել է: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, «OPEL» մակնիշի 10 ՍՍ 278 համարանիշի մեքենան վարել է Դիլիջան քաղաքում գրանցված, սակայն փաստացի Վանաձորում բնակվող, 1991թ-ին ծկնված Գեւորգ Վարդանի Ոսկանյանը:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Լոռիի թղթակիցը, այսօր՝ հոկտեմբերի 18-ին,ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:  Ժամը 21:00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի 10ՍՍ278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Վթարի հետեւանքով վարորդին ջախջախված մեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Լոռիի մարզային փրկարար վարչության փրկարարները եւ հանձնել շտապ օգնության մեքենային: Վարորդը սակայն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ եւ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ դասակի հրամանատար Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, դեպքի վայրում աշխատել են Վանաձորի քննչական բաժնի քննիչները:

Լուսանկարնեռը՝ Էդվարդ Արզումանյանի