Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել եւ գիծ դուրս չեն եկել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը «համարձակվել է» զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա շրջապատին:

Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին: Ավելին, Գյումրու քաղաքապետարանում գրանցված է եղել ընդամենը մի քանի երթուղային գիծ եւ իրականության հետ ոչ մի կապ չունեցող միկրոավտոբուսների քանակ:

Գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վ. Ղուկասյանը հրահանգել է անօրինական եւ օրինական աշխատողերթուղայինների վարորդներին ցանկացած պահի պատրաստ լինել համընդհանուր գործադուլ անցկացնելուն, եթե հանկարծ Բալասանյանը կրկին պահանջի գանձվող գումարները հատկացնել քաղաքապետարանին: