23-ամյա Ռ. Մ-ն, ամուսնանալու կեղծ խոստումներ տալով, անչափահաս Ա. Գ-ին տեղափոխել է ՌԴ Մինվոդի քաղաք: Ապա Ա.Գ-ի փախուստը կանխելու նպատակով վերցրել նրա անձնագիրը եւ բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են Ա.Գ-ին ներգրավել պոռնկության մեջ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ եւ աշխատած գումարները փոխանցել իրենց: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 22-ին շարունակվեց սույն գործի քննությունը: 23-ամյա Ռ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անչափահասներ՝ 18 տարին չլրացած Ա.Գ-ին եւ Է. Գ-ին սեռական շահագործման նպատակով հավաքագրելու եւ ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնության նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ այնտեղ վերջիններիս պոռնկության շահագործման դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Ք. Ն-ի հետ: Ապա Ա. Գ-ի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք՝ իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, որպես այդ խոստումների հավաստիք՝ իր հանցակից Ք.Ն-ին, Ա. Գ-ի հարազատների եւ մտերիմների շրջանում իբրեւ իր մորաքրոջ աղջիկ ներկայացնելու միջոցով վերջիններիս վստահությանը չարաշահելով՝ հավաքագրել է նրան։ Սույն նպատակով Ք.Ն-ի հետ նախնական համաձայնությամբ, միաժամանակ Վոլգոգրադ քաղաք տեղափոխելու եւ իրենց հետ համատեղ բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, փորձել են հավաքագրել նաեւ Ա. Գ-ի ընկերուհուն՝ է. Գ-ին, սակայն չեն կարողացել հանցավոր մտադրությանն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ վերջինիս կողմից ՌԴ մեկնելուց հրաժարվելու պատճառով։ Հանցավոր մտադրությանն իրագործելու նպատակով Ռ.Մ-ը, Ք. Ն-ի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Ա. Գ-ին շահագործման նպատակով տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը, ապա Ա. Գ-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրան ծեծի ենթարկելով եւ այդպիսիք գործադրելու սպառնալիքներով, փորձել են ներգրավել պոռնկության շահագործման մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ եւ աշխատած գումարները փոխանցել իրենց:
Սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ եւ 2011թ-ի հուլիսի 12-ից մինչեւ հուլիսի 28-ը դրել եւ պահել են շահագործման մեջ՝ պարտագրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ։ Այսինքն՝ Ռ. Մ-ն կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական հաջորդ քննությունը նշանակվեց նոյեմբերի 1-ին:


























