48-ամյա  Կ.Մ-ն  իր հետ նույն հարկի տակ ապրող եղբոր կնոջը սեռական հարաբերություն ունենալու առաջարկությունն է արել: Իսկ մերժում ստանալուց հետո խոհանոցի դանակաը դնելով նրա պարանոցին սպառնացել է այդ մասին լուրերը տարածելու դեպքում սպանել: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Կ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ ապրող եղբոր կնոջ` Գ. Մ-ի հետ սեռական հարաբերություն ունենալու առաջարկությունը վերջինիս կողմից մերժելուց հետո, նրա կողմից այդ մասին տեղեկություններ չտարածելու համար, 2012թ. օգոստոսի 28-ին ժամը 20-ի սահմաններում տանը վերցնելով խոհանոցային դանակ, թիկունքից մոտենալով Գ.Մ-ին, աջ ձեռքով գրկել է նրա որովայնի հատվածից եւ, իր ձախ ձեռքում եղած դանակի ծայրը դնելով Գ.Մ-ի պարանոցին, սպառնացել է այդ մասին լուրերը տարածելու դեպքում սպանել նրան:

Քրեական գործ է հարուցվել 137 հոդվածի 1-ին մասով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 30-ին: