Հարցազրույց «Ինտերնետ հանրության» փոխնախագահ Գրիգոր Սաղյանի հետ։
Պրն. Սաղյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը մեր հարեւանների համեմատությամբ։
Ընդհանուր առմամբ, տեղեկատվական անվտանգությունն ուղղակիորեն կախված է հասարակության զարգացվածության մակարդակից, եւ քանի որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների կյանքի մակարդակներն իրարից քիչ են տարբերվում, ապա տեղեկատվական անվտանգությունն էլ բոլոր այդ երկրներում միեւնույն մակարդակի վրա է գտնվում։ Մեր երկրում տեղեկատվական անվտանգության ապահովման գործում մեծ դեր է խաղում «Ինտերնետ հանրություն»-ը, որը երկու նախագիծ է նախաձեռնել։ Առաջինն ուղղված է АМ տիրույթում անհարկի տեղեկատվություն տարածելու կանխարգելմանը։ Այս նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են ներգրավվել. այն կհամագործակցի իրավասու պետական կառույցների հետ։ Բողոքներ ստանալու դեպքում աշխատանքային խումբն իրավասու է ուսումնասիրել կայքէջերում տեղադրված տեղեկատվությունը, եւ եթե այն ահաբեկչության կոչ է պարունակում կամ ազգամիջյան անջատողականություն է սերմանում, ապա այդ կայքէջի սեփականատիրոջը սահմանափակ ժամկետ է տրամադրվում հանել այդ տեղեկատվությունը տվյալ կայքից։ Եթե այդ ժամկետում տեղեկատվությունը կայքէջից չի հանվում, ապա աշխատանքային խմբի առաջարկով դոմենն անտեսանելի է դառնում ինտերնետում։ Դրանից հետո սեփականատիրոջը սխալն ուղղելու եւ դոմենը կրկին վերադարձնելու համար մեկ ամիս ժամկետ է տրվում։ Իհարկե, կայքի սեփականատերը կարող է աշխատանքային խմբի որոշման դեմ դատարանում բողոքարկել, սակայն ակնհայտ խախտումների դեպքում հազիվ թե մեկը գնա այդ քայլին։ Այս հարցում կարող է հարց ծագել, իսկ ի՞նչ կլինի, եթե նմանօրինակ տեղեկատվությունը տեղադրվի ոչ թե am, այլ сом, org եւ այլ տիրույթներում։ Այս դեպքում նախատեսվում է հարցը լուծել միջազգային համագործակցության օգնությամբ։
Երկրորդ ուղղությունը համակարգչային անվտանգության տեխնիկական հարցերն են։ Այս համատեքստում կազմակերպությունը տեղեկատվություն է հավաքելու այն մասին, թե ո՞ր երկրից եւ ո՞ր IP հասցեներից է առավելապես Հայաստանը հաքերային հարձակումների ենթարկվում։ Հետո այդ հասցեների բազա կստեղծվի եւ միջօպերատորական համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի դիմագրավել այդ IP համարների աշխատանքը։ Բացի այդ, աշխատանքային խումբը կաշխատի համակարգչային օգտագործողների գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Համակարգչի հետ ինտերնետում անվտանգ կերպով աշխատելու մասին խորհուրդները առաջին հերթին կտարածվեն հայերեն լեզվով, հնարավոր են նաեւ ռուսերեն եւ անգլերեն տարբերակներ։
Ինչպիսի՞ն է կադրային ներուժի մակարդակը, կա՞ն արդյոք Հայաստանում համապատասխան որոկավորում ունեցող մասնագետներ։
Երկրի բուհերում տեղեկատվական անվտանգության գծով մասնագետներ չեն պատրաստում։ Իմացություններ պետք է հավաքել ուսման, աշխատանքի, համակարգչի եւ ինտերնետ-տեխնոլոգիաների հետ աշխատելու ընթացքում։ Որքան շատ լինեն մասնագետները, այնքան մեծ կլինի մրցակցությունը, ինչը վերջնական արդյունքում կբերի նրանց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։
Պրն. Սաղյան, ինչո՞ւ Հայաստանում հոսթինգ չի իրականացվում։
Դա այդքան էլ այդպես չէ։ Միայն «Armincօ» ընկերությունում ավելի քան երկու հազարից ավել կայքէջ է տեղակայված, արտասահմանյան հայկական կայքերի թիվն էլ դժվար է հաշվել։ Սակայն հոսթինգն իրականացվում է՝ ելնելով իրականությունից։ Եթե կայքն ունի արտասահմանյան հանրության հետաքրքրությունները բավարարող ուղղվածություն, ապա նպատակահարմար է այն տեղակայել արտասահմանում։ Եթե կայքն ուղղված է ներքին սպառմանը, ապա ավելի լավ է այն տեղակայել Հայաստանում։ Պայմանավորված հայկական Սփյուռքով եւ այն փաստով, որ շատ հայ ինտերնետ-օգտագործողներ գերադասում են գրել ռուսերենով կամ լատինական տառերով՝ կայքէջերի սեփականատերերը նախընտրում են դրանք տեղակայել արտասահմանում։ Բնական է, որ ՀՀ պետական եւ ինֆորմացիոն գործակալությունների կայքէջերը տեղակայված են Հայաստանում։
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների որակը՝ հարեւան երկրների հետ համեմատ։
Ինտերնետը, հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար գլխավոր ծառայությունը չէ։ Հնարավոր է, որ մի քանի տարի անց իրավիճակը փոխվի, սակայն այդ կազմակերպությունները ներկայումս իրենց հիմնական շահույթը ստանում եմ ձայնային ծառայություններ տրամադրելով։ Հաշվի առնելով դա, կարելի է ասել, որ Հայաստանում ինտերնետի զարգացումն անմիջապես կապված է հեռահաղորդակցման ոլորտի զարգացման հետ։ Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը հեռահաղորդակցման ոլորտում զբաղեցնում էր պատվավոր չորրորդ տեղը մերձբալթյան երկրներից հետո, սակայն հայկական շուկա «Արմենթել» ընկերության գալուց հետո ոլորտը դադարեց զարգանալ։ Այժմ իրավիճակը կարգավորվում է։ Հայկական շուկայում հայտնվել են երկու նոր ընկերություններ «Օրանժը» եւ «Վիվա Սելը», որոնք զարգացնում են սեփական կապուղիները, եւ ինտերնետի առումով արդեն հասել են լավ արդյունքների։
Սակայն ազնիվ լինելու համար պետք է նշել, որ մինչ օրս ինտերնետի բազմաթիվ սպառողներ բողոքում են կապի որակից։
Այո՛, պետք է նշել, որ անլար ինտերնետ կապը առավելությունների հետ ունի նաեւ թերություններ։ Անլար ինտերնետ կապի համար անհրաժեշտ է օգտագործել ռադիոհաճախականություններ՝ հիմնական կայանների միջեւ կապ հաստատելու համար։ Հավանաբար միջկայանային կապի ոչ բավարար ծավալն ազդում է որակի վրա։ Սակայն նոր տեխնոլոգիաների ներդրումից հետո կարելի է սպասել, որ անլար ինտերնետ կապի որակը կբարելավվի եւ կհասնի լարային ինտերնետ կապի որակին։
Ի՞նչ եք կարծում, Հայաստանը հասե՞լ է առավելագույնին՝ հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրելու գործում։
Նայած թե ում հետ համեմատվենք։ Եթե համեմատվենք Հարավային Կորեայի կամ Ճապոնիայի հետ, որտեղ գրեթե յուրաքանչյուր բնակարանում կա օպտիկամալուխային կապ, ապա, անշուշտ, մենք շատ հետ ենք մնում։ Եթե համեմատվենք հարեւանների հետ… Իրանի հետ ընդհանրապես չարժե զուգահեռներ տանել, այնտեղ ինտերնետ-արգելք գոյություն ունի։ Կապի որակը լավ է Վրաստանում, քանի որ այնտեղ համատեղ ուժերով հնարավոր է դարձել ստեղծել բարձրորակ կապ, որոն օգտագործում է ավանդական հեռախոսային գծերը։ Այնտեղ ինտերնետի արագությունը մի քանի անգամ ավելին է, քան Հայաստանում։ Իսկ Ադրբեջանը ճկուն սակագների շնորհիվ, հատուկ քաղաքականություն է իրականացնում ինտերնետ կապի մատչելիությունը ընդլայնելու համար։ Այնպես որ ե՛ւ գնի, ե՛ւ որակի առումով մեր հարեւանները մեզնից առաջ են։ Սակայն շուկա նոր օպերատորների ի մուտքով Հայաստանում եւս գները էականորեն իջան, եւ հուսանք, որ այդ միտումները հետագայում եւս կշարունակվեն։
Իսկ ինչպե՞ս է մրցակցությունը։
Պետք է ընդգծեմ, որ այս ոլորտում մցակցությունը հասել է իր գագաթնակետին։ Այդ պատճառով հատկապես հիմա պետք է շատ զգուշորեն վերաբերվել տարբեր օպերատորների կողմից արվող առաջարկություններին։ Փորձել գլուխ հանել, թե ի՞նչ է իրականում թաքնված նրանց գայթակղիչ առաջարկի հետեւում։ Պետք է ասեմ, որ մի շարք կազմակերպություններ ոչ ազնիվ մրցակցություն են իրականացնում, երբեմն գներն իջեցնելով ինքարժեքից։ Ոչ վաղ անցյալում օպերատորներից մեկը 300 մլն դրամով տուգանվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ նրա համար, որ խոչընդոտում էր մրցակցությանը։
Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, սա չի նպաստում հարցի լուծմանը, այն դրական ազդեցություն չունեցավ։ Բայց պետք է հայտնեմ մի հուսադրող նորություն. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը որոշել են համակարգել իրենց ջանքերը շուկայում ազնիվ մրցակցություն ապահովելու համար։
Իսկ ի՞նչ հստակ քայլեր է իրականացնում «Arminco» ընկերությունը շուկայում իր շահերը պաշտպանելու եւ ոչ ազնիվ մրցակցությունը կանխելու համար։
Մեր ընկերությունը այդ ոլորտում չի կարող ինչ-որ քայլեր անել, քանի որ եթե ընկերություններից մեկը շուկայում գերիշխող դեր ունի ՝ հսկելով շուկայի 70 տոկոսը, այդ կազմակերպությունը միշտ էլ կարող է մեզ դուրս մղել շուկայից։ Այնպես որ մեզնից շատ բան կախված չէ։ Արդար մրցակցություն ապահովելը պետության մենաշնորհն է։ Հասարակության զարգացմանը զուգընթաց, պետությունն ավելի շատ ուշադրություն կդարձնի այս ոլորտին, թեեւ, անկեղծ ասած, ես հոռետեսորեն եմ տրամադրված։




























