Վանաձոր քաղաքի Գրիգոբոյեդովի 6 հասցեի  9 հարկանի բազմաբնակարանը բացի վթարային լինելուց, դարձել է նաեւ աղբաթափման հարմար վայր: Վթարային շենքի առաջին եւ երկրորդ հարկերը, որոնք բնակեցված չեն,  լցված են կենցաղային աղբով: Չնայած բնակիչները տարիների ընթացքում ահազանգել են թե քաղաքապետարանի համապատասխան բաժնին ու թե անձամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանին, սակայն մինչ օրս նշված շենքում ոչինչ չի փոխվել:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշված շենքի բնակիչները արդարացիորեն դժգոհել են, որ քաղաքապետարանը տեղյակ է շենքում տիրող հակասանիտարական վիճակին, սակայն վերջին տարիներին երբեւէ որեւէ մեկը չի զբաղվել աղբը շենքից հեռացնելու աշխատանքներով: «Աղբը արդեն քանի տարի ա` շենքի մեջ ա, միշտ էլ զանգել են, բայց դե սաղ թքած ունեն էս հարցի վրա…մարշուտկեքի շոֆերների համար շենքը դարձել ա զուգարան, բնակիչներն էլ շարունակում են աղբը անմիջապես շենքի մեջ լցնել»:

Չնկարագրելով շենքում տիրող հակասանիտարական վիճակը, որն առաջացել է տարիներով կուտակված աղբի ու  թափառող կենդանիների շնորհիվ, այդուհանդերձ, քաղաքապետարանը կարող էր եւ պարտավոր էր տարածքը գոնե մեկ անգամ մաքրել աղբից, կամ էլ պարտավորեցնել տարածքը մաքրել այն բնակիչներին կամ մեղավորներին, ում շնորհիվ շենքը հայտնվել է նման իրավիճակում:

NEWS.am-ի Լոռիի թղթակիցը  Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանից փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված քաղաքապետարանի՝ ստեղծված իրավիճակի հանդեպ ունեցած նման արհամարական վերաբերմունքը, Պառավյանը առաջարկեց նշված խնդրով դիմել տվյալ շենքը սպասարկող  համատիրության ղեկավարին, այնուհետ նոր իրեն: «Սկզբից համատիրության ղեկավարին դիմեք, նոր ինձ»,-ասաց նա: Սակայն երբ պարոն Պառավյանին  հիշեցրեցինք, որ իր բաժինը հանդիսանում է համատիրությունների աշխատանքը վերահսկող մարմին, որեւ  նույնպես արդեն քանի տարի է տեղեկացված է խնդրից եւ փաստացի անգործություն է ցուցաբերում, պատասխանեց. «Ես ձեզ արդեն մի քանի անգամ ասացի, որեւէ հարցի չեմ պատասխանի, գնացեք, սկզբից համատիրության նախագահի հետ խոսեք, հետո կգաք ինձ մոտ…»:

Փաստորեն ստացվում է, որ տվյալ թաղամասը սպասարկող համատիրությունն ու քաղաքապետարանի տվյալ բաժինը այսքան տարի տեղյակ լինելով խնդրին, որեւէ քայլ չեն ձեռնարկել, հակառակ դեպքում՝ շենքի տարածքում կուտակված աղբը կնվազեր, ոչ թե կավելանար:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/News.am