Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանը, ով արդեն մի քանի ամիս է, ինչ կորել է, պարզվում է, դուրս է գրվել նաեւ Վանաձորի մանկատնից ու հանձնվել մոր խնամքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, նշելով, որ թե ինքը, եւ թե մանկատունը որեւէ առնչություն չունեն տղայի հետ: Տնօրենը ներկայացրել է նաեւ համապատասխան փաստաթղթերը, որոնք ապացուցում են թե տղայի պարբերաբար փախուստները, որի մասինբ տեղեկացված է եղել նաեւ ոստիկանությունը, թե մանկատնից դուրս գրման հրամանը:
Դեռեւս հունիսին 10-ին մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը ոստիկանության Վանաձորի բաժին գրություն է ուղարկել, որի մեջ նշված է, որ դեռեւս հունիսի կեսերին Խաչիկ Գալստյանը մեկնել է քաղաք Գյումրի՝մոր մոտ բնակվելու, ոստիկանության Գյումրիի բաժինն էլ պատասխանել է, որ Խաչիկ Գալստյանը ցանկություն չունի վերադառնալ մանկատուն, եւ որ մայրը տղայի դիրքորոշմանը տեղյակ է:
Նշված գրություններն ու ուսումնասիրելուց հետո Լոռիի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը արձակել է եզրակացություն Խաչիկին մանկատնից դուրս գրելու վերաբերյալ: Այս ամենից հետո Վանաձորի մանկատունը օգոստոսի 28-ին արձակել է հրամամն տղային մանկատնից դուրս գրելու վերաբերյալ:
Փաստորեն ստացվում է, որ երեխայով այժմ պետք է զբաղվի միմիայն համայնքը, իսկ թե ուր է մինչ օրս 17-ամյա պատանին, մայրը չգիտի:
Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am



























