Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:
Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով եւ Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:
Հրաչյա Հովակիմյանը աշխատել է. 1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն, 1994-2004թթ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ«ՙՀայանտառ» պետական ձեռնարկությունում: 2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ է: 2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, 2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ: Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել տնտեսագետի որակավորում:



























