Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ եւ առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքների:
Հումանիտար օգնության եւ պարենային ծրագրի մեկնարկը տրվեց դեկտեմբերի 10-ին: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցաբար, նախաձեռնությանն իր զորակցությունն է բերել նաեւ «Երեւան Սիթի» խանութների ցանցը: Դեկտեմբերի 11-ին եւ 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին կտրամադրի հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երեւան Սիթի» խանութներում:
Ծրագրի կազմակերպչական աշխատանքներից բացի Կլոր Սեղանի աշխատակիցներն ու թեմի հոգեւորականները կիրականացնեն նաեւ տնայցեր, որոնց ընթացքում կծանոթանան այդ ընտանիքների կարիքներին, կցուցաբերովի հոգեւոր աջակցություն:




























