Վերջին 2 ամիսներին Ախթալա գետում արձանագրվում է արտակարգ բարձր աղտոտվածություն:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգի» տվյաների՝ հոկտեմբերին Ախթալա գետի գետաբերանում դիտվել է ցինկով եւ պղնձով արտակարգ բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 565,98 եւ 831,7 անգամ: Հայաստանի որեւէ այլ գետում նման բարձր աղտոտվածություն չի արձանագրված:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, օգոստոսին Ախթալա գետում պղնձի պարունակությունը գերազանցում էր սահմանային թույլատրելի նորման մոտ 498 անգամ (ներկայիս 831 անգամի փոխարեն):
Նշենք նաեւ, որ հանրապետության մյուս չափազանց աղտոտված գետում՝ Ողջիում (Կապանի մոտ), պղնձի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանային նորման 137 անգամ:
Ախթալայում դիտվել է նաև մանգանով եւ ալյումինով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են 99,4 եւ 96,5 անգամ:
Ախթալա գետը աղտոտում է Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան, որի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության մեղադրանքով գտնվում է բանտում:




























