Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունոտ միջադեպի պատճառը զինվորների հանդեպ մշտական ծաղրն է եղել։ Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, չդիմանալով ոչ կանոնադրական հարաբերություններին՝ երկու զինծառայողներ ինքնաձիգներից կրակել են սպաների վրա։
Զանգվածային սպանությունները տեղի են ունեցել Ադրբեջանի Դաշկեսանի շրջանում։ Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է փոխհրաձգության փաստը, սակայն չի հստակեցրել, թե որ զորամասում է այն տեղի ունեցել կամ ինչ պատճառներով։ Համաձայն պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ հանցագործությունից հետո նրանք ինքնասպան են եղել։
Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովը, կրակ բացած զինվորներին կրակել են։
Նրա խոսքով, սպանվածների մեջ կան նաւ բարձրաստիճան սպաներ։ «Վեց սպա է սպանվել։ Կրակ բացած զինվորները փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն նրանց ուղղությամբ կրակ է բացվել»,- հաղորդել է Ջաֆարովը։
Արժե նշել, որ սա առաջին դեպքը չէ Շամքիրի շրջանում, որին էլ պատկանում է տխրահռչակ զորամասը։ Անցած տարի այստեղ դատապարտվել էր ոմն Օրհան Սաֆարով։ Չորս ծառայակիցների սպանելու եւ մեկին վիրավորելու համար դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել։ Ինքը Սաֆարովը խոստովանել էր, որ իրեն այդ քայլին դրդել էր իր հանդեպ ծառայակիցների եւ սպաների մշտական ծաղրը։
Ինչպես կարծում է Ջաֆարովը, հերթական միջադեպի պատճառը թաքնված է բանակում տիրող ամենաթողության հետեւում։ «Որքան շարունակվի այս անպատժելիությունը զինված ուժերում, այդքան ժամանակ ականատես կլինենք նմանօրինակ դեպքերի»,- խոստովանել է զինվորականը։
Հիշեցնենք, որ արյունոտ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին։
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։




























