ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Է.Է-ն  իր հետ առաջնային գծում դիտորդ նշանակված Գ.Ն-ին արթնացնելու  եւ սթափեցնելու համար հարվածել է նրա դեմքի շրջանին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:  19-ամյա Է. Է.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ , բռնություն է գործադրել իր հետ առաջնային գծում դիտորդ նշանակված Գ.Ն-ի նկատմամբ: Վերջինիս արթնացնելու եւ սթափեցնելու նպատակով ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին:

Քրեական գործ է հարուցվել 359   հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:

Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել դեկտմբերի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: