Դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի տներից մեկում կրակոց էր հնչել։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը տներից մեկում հայտնաբերել էր  AKM տիպի ինքնաձիգով տան հյուրասենյակում ինքնասպան եղած 34-ամյա Հրայր Բաբալարյանին: Իսկ թե ով է Հրայր Բաբալարյանը, եւ ինչն է ազդակ հանդիսացել ինքնասպանության համար, փորձեցինք պարզել գյուղի բնակիչներից.

«Հրայրն ամուսնալուծված էր, կինը երգչուհի Անահիտ Սիմոնյանի քույրն էր, ով ամուսնալուծվելուց հետո բնակվում էր Երեւանում: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մի տղա։ Խեղճ տղան բաժանվելուց հետո շատ էր խեղճացել, դարձել էր ինքնամփոփ ու մենակյաց։

Դժբախտ դեպքից մի օր առաջ գնացել էր Երեւան՝ երեխուն տեսնելու, հետո, ասում են, կնոջն ասել է, որ  երեխայի պապիկը եւս ցանկանում է տեսնել թոռանը: Կինը համաձայնել է եւ երեխայի հետ եկել գյուղ։ Արդեն Երեւան վերադառնալու ժամանակ Հրայրը կնոջը խնդրել է ամեն ինչ մոռանալ եւ մնալ։ Կինը չի համաձայնել, երկար համոզելուց հետո Հրայրն ասել է, որ կյանքին վերջ կտա, կինը չի լսել, իսկ երբ ուզեցել է արդեն վերջնականապես գնալ, կրակոցի ձայն է լսել, ներս է մտել, տեսել ընկած ամուսնուն»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել»,- գրում է «Իրավունքը»։