Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ արտասահմանի հայկական սփյուռքը հայկական շահերն առաջ տանելու համար ունեն հաստատուն չօգտագործվող ներուժ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը։

Ըստ նրա՝ ԼՂՀ  իրավասու մարմինները տեղեկատվական քաղաքականություն վարելու համար որակյալ նախագծեր ունեն, ներառյալ նրա արտաքին բաղադրիչը. «Այս հարցում մենք եւ առաջին հերթին համապատասխան պետական կառույցները պետք է ցուցաբերեն ավելի շատ ակտիվություն եւ հետեւողականություն»։

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ են արդյոք հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները կարգավորել հարաբերությունները, Մասիս Մայիլյանը ընդգծեց, որ բարիդրացիական հարաբերությունները բնական վիճակ է, եւ դրան են ձգտում երկրները եւ ժողովուրդները։ Նրա խոսքերով՝ հակամարտության պատճառով խզված հարաբերությունների կարգավորման մեջ մեծ դեր ունի վերնախավը, այդ թվում ՝ ղեկավար։ Նվազագույն պայմանը նման հարաբերությունների հաստատմնան համար պետք է լինի հասարակության համոզմունքն այն մասին, որ սահմանի այն կողմում ընդունում են քո գոյության եւ զարգացման իրավունքը եւ ոչ ոք չի նախագծում օրինական ստեղծված պետականության վերացումը կամ ժողովրդին բռնությամբ ստիպել ենթարկվել օտարի կամքին։

«Ադրբեջանական ղեկավարության կողմից ստացվող ազդանշանները ցույց են տալիս, որ այդ երկրի ղեկավար վերնախավը դեռ մտադիր չէ պատրաստել իր հանրությանը հարեւան հայկական պետությունների հետ համատեղ խաղաղ գոյատեւմանը։ Այսպիսի իրադրությունը նոր դժվարություններ է առաջացնում ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնք մեր տարածաշրջանում զբաղվում են խաղաղասիրական գործունեությամբ»,- ամփոփել է Մասիս Մայիլյանը։