Հայաստանի կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեկտեմբեր ամսվա արձանագրությունը կրկին ստիպում է անդրադառնալ այն հարցին, թե որքանով ճիշտ է արտացոլվում միջազգային գների ազդեցությունը Հայաստանի տնտեսական համակարգի վրա:

Քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի կառավարման հիմնական գործիք է (համենայնդեպս` այդպիսին ճանաչվում է ԿԲ-ի կողմից), նման փոխազդեցությունների գնահատումը կարեւոր նշանակություն ունի:

Նախկին արձանագրություններում ԿԲ-ն պարենի գների մասով հիմնականում հիմնվում էր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ամսական ինդեքսների վրա: Սակայն նախորդ` նոյեմբերյան արձանագրությունում առկա էին անճշտություններ:

Դեկտեմբերի արձանագրությունում ԿԲ-ն նոր մոտեցում է որդեգրել` առանձին ապրանքախմբերի վերաբերյալ տրվում են ոչ թե FAO-ի ինդեքսները, այլ առանձին բորսաների եւ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ինդեքսները: Որքանո՞վ արդարացված է նման մոտեցումը:

Օրինակ, ըստ ԱՄՆ գյուղդեպարտամենտի` կոշտ կարմրահատ ցորենի գնի ինդեքսը նոյեմբերին դեռ շարունակել է աճել, թեեւ աճի տեմպը նվազել է: Այնինչ` FAO-ի ինդեքսում ցորենի նոյեմբերյան գինը գնահատված է որպես նվազող,  ի տարբերություն, ասենք, եգիպտացորենի գնի: Նման հակասական գնահատականներում FAO-ի ինդեքսն ավելի արժանահավատ է, քանի որ հիմնվում է միջինացված գների վրա ավելի գլոբալ մասշտաբով: Փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ կոշտ ցորենի գինը ԱՄՆ-ում եւ փափուկ ցորենի գինը Եվրոպայում փոփոխվում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ:  Հետեւաբար` ճիշտ չէ միակողմանիորեն հիմնվել միայն մեկ տեսակի ցորենի գնի փոփոխության վրա, այն էլ այն տեսակի, որը գործնականում Հայաստան չի մտնում: 

Նշենք, որ FAO-ի ինդեքսը նոյեմբերին նվազել է 1.5%-ով: Միջազգային մասշտաբով նվազել են ցորենի, բրնձի, շաքարավազի, խոզի մսի գները: Աճ է արձանագրվել եգիպտացորենի, փոքր ինչ` նաեւ կաթնամթերքի մասով:

Այդ զարգացումներից Հայաստանի ներքին շուկայի վրա առայժմ անդրադարձել է միայն շաքարավազի նվազումը:

Սամվել Ավագյան