Լոռիի մարզում եղեւնիների հատումների դեպքեր բնապահպանական տեսչությունը դեռեւս չի գրանցել: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բնապահպանական պետական տեսչության Լոռիի մարզային կենտրոնի պետի տեղակալ Աշոտ Դարչինյանն ասաց, որ իրենց կողմից լուրջ հսկողություն է իրականացվում ինչպես եղեւնիների հատման, այնպես էլ սովորական փայտանյութի: «Մենք դեռեւս հատման դեպքեր չեն հայտնաբերել, ավելի խոցելի է Ստեփանավանի տարածաշրջանի անտառածածկ տարածքները, ինչպես նաեւ գյուղական այն համայնքները, որտեղ կան եղեւնիներ… Հսկողությունն իրականացվում է նաեւ ճանապարհներին»,- նշեց նա:
Աշոտ Դարչինյանի փոխանցմամբ` եղեւնի հատելը պատժվում է վարչական իրավախախտումների մասին օրենքով, սակայն տուգանք որպես այդպիսին շատ դեպքերում չի կազմվում, քանի որ «եղեւնիները հիմնականում հիմքից չեն կտրում, այլ գագաթից, իսկ տեսչությունը կարող է ակտ գրանցել ծառի աճի դադարեցման դեպքում»: Նա դժվարացավ նշել, թե նախորդ տարի ամանորի հետ կապված մարզի տարածքում եղեւնու հատման քանի դեպք է գրանցվել:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանն էլ ասաց, որ չնայած հսկողություն միշտ կա, սակայն ամանորի նախաշեմին այն ավելի է ուժեղացվել. «Ավելացվել են հսկող մարդիկ, ինչպես նաեւ ճանապարհներին ստուգվում են կասկածելի մեքենաները…»:
Այս ամենի հետ մեկտեղ Վանաձորում որոշ մարդիկ սկսել են եղեւնու «բիզնեսը», մասնավորապես երիտասարդները երեկոյան ժամերին թակում են վանաձորցիների դռներն ու առաջարկում եղեւնիներ՝ տարբեր չափի ու ձեւի, իսկ գինն սկսվում է 3000-ից ու հասնում մինչեւ 10 հազար դրամ: Եղեւնի գնելու առաջարկներ ստացել է նաեւ NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:




























