Արմավիրի մարզում կերակրի հացահատիկների մեջ եգիպտացորենի խոշոր ցանքի ծրագրեր չունեն։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լեւ Ալեքսանյանը, «Արաքս» թռչնաֆաբրիկայի օրինակին ոչ ոք չի հետեւել։ «Մարզում եգիպտացորենի ցանքեր կան, բայց քիչ՝ ամենաշատը՝ 20 հեկտար, այն էլ հիմնականում սեփական անասունների համար։ Թռչնաֆաբրիկայում , ցեղային տնտեսություններում կամ անասնակերի գործարաններում, եգիպտացորեն ոչ ոք չի ընդունում»,- պարզաբանել է նա։

Հիշեցնենք, որ Վանանդ գյուղի շրջանում եգիպտացորենի ցանք կատարել է «Արաքս» թռչնաֆաբրիկան։ Սակայն, նշված մի շարք պատճառներով եգիպտացորենի ցանք կատարելու նախաձեռնություն ոչ ոք չունի։

Հիշեցնենք, որ ամեն տարի Հայաստան է ներմուծվում 40-50 հազար տոննա եգիպտացորեն։ 2011 թվականին տեղի արտադրանքը կազմել է 19,1 հազար տոննա, կամ ընդհանուրի մոտ քառորդ մասը (27%)։ Ագրոբիզնեսի համար հիմնականում օգտագործում են ներմուծված եգիպտացորեն։