Դեկտեմբերի 23-ին, Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքում կայացել է «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միության գրադարանի հանդիսավոր բացումը: Միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը՝ խոսելով հայ գրքի եւ գրատպության 500-ամյակի մասին, գրադարանի բացումը խորհրդանշորեն կապել է դրա նշանավորման հետ:
Հավաքվածներին ողջունել են Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը եւ Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Նրանք կարեւորել են նորաբաց գրադարանի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդին գիր-գրականությանը մերձեցնելու եւ զարգացնելու համար:
Մարդու կյանքում գրքի ունեցած դերի մասին խոսել են Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանն ընդգծելով, որ հայ ժողովրդի համար գիրքը պատմականորեն եղել է հոգեւոր ուժերի վերականգնման աղբյուր:
Ախալցիխեի երիտասարդական մշակութային կենտրոնի մանկական համույթը՝ խմբավար Հեղինե Մանասյանի գլխավորությամբ, կատարել է հայոց այբուբենին նվիրված երգեր:





























