«Մեղրաձոր Գոլդ» ընկերության սեփականատեր Վարդան Մարգարյանը եւ Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը ճնշում են գործադրում Մեղրաձորի բնակիչների վրա` ոսկու կորզման համար ցիանային արտադրամաս կառուցելու նպատակով:

Ըստ «Էկոլուրի», դա վտանգավոր եւ բնապահպանական ռիսկեր պարունակող նախագիծ է, Մեղրաձորի բնակիչների մեծ մասն անհանգստացած է այդ նախագծով:

Բացի այդ` Մեղրաձորի առողջարանային գոտում առկա են այլ ռիսկեր, կապված ոսկու հանքավայրի եւ Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման հետ:

Ըստ «Էկոլուրի»` Մեղրաձորում կոնֆլիկտ եւ շահերի բախում կա առողջարանային գոտու կողմնակիցների եւ հանքարդյունաբերական ընկերություններում աշխատողների միջեւ:

«Էկոլուր»-ը կարծում է, որ տվյալ նախագծերի վերաբերյալ հասարակական քննարկումների գործընթացը մտել է անթափանցիկության, անձնական պայմանավորվածությունների, հասարակայնության եւ տեղի բնակչության վրա խիստ ճնշումների գործադրման շրջան, ինչը հղի է բարձր կոռուպցիոն ռիսկերով եւ օրենքի խախտմամբ:  «Մենք կոչ ենք անում բնապահպանության նախարարությանը եւ անձամբ նախարար Արամ Հարությունյանին, ով ծառայողական եւ քաղաքական պատասխանատվություն է կրում, դուրս բերել հասարակական քննարկումների գործընթացը մասնավոր բանակցությունների դաշտից եւ տալ դրանց թափանցիկություն, լիարժեք փորձագիտական գնահատական,  եւ կազմակերպել պաշտոնական փորձագիտական հասարակական լսումներ, որտեղ հաշվի կառնվեն հրավիրված փորձագետների, բնակիչների եւ անկախ փորձագետների կարծիքները եւ բոլոր առկա ռիսկերը»,-նշված է «Էկոլուրի» հայտարարության մեջ: