Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժինը վերջերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 7 դեպք  է բացահայտել: Այսպես, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, բաժնի աշխատակիցները Զովունի գյուղում հայտնաբերել են գիշերային ակումբ, որն, ինչպես պարզվել է, գործել է հարկային դաշտից դուրս: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե պարզվել է նաեւ, որ գիշերային ակումբը պատկանում է Աբովյանի բնակիչ Արման Ասլանյանին: Օրերս էլ ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, Կոտայքի բաժինը պարզել է, որ հարկային դաշտից դուրս` Աբովյանում Սամվել Պողոսյանը, իսկ Եղվարդում Արսեն Մխիթարյանը կոշիկի արտադրությամբ են զբաղվում:

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Կոտայքի բաժնի աշխատակիցներն անօրինական գործունեության մի շարք դեպքեր էլ բացահայտել են նաեւ սպասարկման եւ սննդի ոլորտներում: Այսպես, պարզվել է, որ Մայակովսկի գյուղի բնակիչ Գեղամ Ավագյանն, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու, լավաշի արտադրությամբ է զբաղվում, հարկային դաշտից դուրս էլ Աբովյանում` Արա Մխիթարյանը հանրային սննդի, իսկ Կամարիս գյուղում` Սամվել Գրիգորյանը մանրածախ առեւտրի գործունեություն են իրականացնում: Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է, որ Կապուտան գյուղում Մերուժան Սաֆարյանը, չունենալով համապատասխան գրանցում, ցորենի վերամշակման անօրինական աշխատանքներով է զբաղվում: