Անցնող 2012 թվականին Մայր Աթոռի եւ Հայ եկեղեցու արձանագրած հաջողությունների, իրականացրած ծրագրերի, ինչպես նաեւ մարտահրավերների ու դժվարությունների մասին NEWS.am-ը զրուցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

Ինչպիսին էր 2012 թվականը Մայր Աթոռի համար:

Փառք Աստծո, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը կարողացավ դրական արդյունքներով ու ձեռքբերումներով ամփոփել 2012 թվականը: Բնականոն էր Մայր Աթոռի գործունեության ընթացքը եւ խաղաղ հոգեւոր կյանքը: Շնորհիվ բարերարների զորակցության անխափան կերպով շարունակվեցին Մայր Աթոռի հովանու ներքո գործող բազմազան կրթական եւ սոցիալական ծրագրերը: Արդյունավետ էր նաեւ քարոզչական, գիտական ու մշակութային գործունեությունը: Մեր օրերում ավելի խոսուն են թվերը, այդ պատճառով պատկերը հստակ հաղորդելու համար փորձենք ներկայացնել որոշ տվյալներ:

2012 թ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն ունեցել է շուրջ 70 պաշտոնական հանդիպում օտարերկրյա պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ, կատարել է հովվապետական այցեր Ֆրանսիայի հայոց թեմ (Փարիզ, Մարսել եւ Նիս), տարբեր առիթներով հայրապետական այցերով եղել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ Արեւելյան հայոց թեմերում, ինչպես նաեւ Իտալիայի հայոց հովվությունում:

2012 թ. Հայաստանում եւ սփյուռքի թեմերում օծվել են 11 տաճարներ, կատարվել է հիմնարկեքը 4 նոր եկեղեցիների: Այս տարվա ընթացքում ձեռնադրվել 9 քահանաներ եւ 35 սարկավագներ: Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատություններում ուսանողների թիվը հասել է 220-ի, եւս 26 անձ ուսանում է քահանայից եռամյա պատրաստության լսարանում: 2012 թ. Մայր Աթոռի կրթական եւ սոցիալական ծրագրերի համար տրամադրվել է շուրջ 700 մլն. ՀՀ դրամ: 2012 թ. միայն Մայր Աթոռում կազմակերպվել են չորս մեծ գիտաժողովներ, բազում առանձին նյութերի շուրջ քննարկումներ, օլիմպիադաներ, «Լավագույն ուսուցիչ», «Գրերի գյուտից մինչեւ գրատպություն» հանրապետական մրցույթների մրցանակաբաշխությունը եւ մշակութային տարբեր միջոցառումներ:

Ինչ մասնավոր կարեւոր ծրագրեր են իրականացվել այս տարում:

Թվարկելով կարեւոր ձեռքբերումները նշեմ, որ Հայ եկեղեցու Սահմանադրության մշակման, թեմական կյանքի կազմակերպման գործում կարեւոր հանգրվան էր նոյեմբերի 1-3-ը Մայր Աթոռում գումարված թեմական ներկայացուցչական ժողովը, որն անդրադարձավ նաեւ եկեղեցական եւ ազգային կյանքում առկա մի շարք հարցերի ու խնդիրների: Վերջին օրերին թեմական կյանքի վերակազմակերպման նպատակով Վեհափառ Հայրապետի կողմից Սրբատառ կոնդակով Շիրակի մարզում հռչակվեց նաեւ Արթիկի թեմը:

Ս. Ղեւոնդյանց տոնին տեղի ունեցած քահանայից հավաքը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Սփյուռքի շուրջ 250 եկեղեցականներ, արծարծեց եկեղեցական-հովվական կյանքում կարեւոր մի նյութ` «Սոցիալական աշխատանքի հիմնական դերակատարությունը»:

Մեծ արձագանք գտավ «Մեկ օր` մեկ թեմում» քարոզչական ծրագիրը, որ մեկնարկեց հունիսի 8-ին: Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ 130 միաբաններ եւ թեմերի քահանա հայրեր մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն իրականացրեցին Արմավիրի թեմում` այցելելով թեմի տարբեր բնակավայրեր, ուսումնական-կրթական հաստատություններ, հիվանդանոցներ եւ կարիքավոր ընտանիքներ:

Հայրենիքում բացվեց 39 սաներով երրորդ կրթական հոգեւոր հաստատությունը` Հառիճավանքի ընծայարանը: Վստահ ենք, որ Հառիճավանքը` հավատարիմ իր պատմական անցյալին, նորից յուրօրինակ դարբնոց կդառնա մեր ժողովրդի ապագա հոգեւոր սպասավորների պատրաստության համար:

Այս տարի Հայոց բանակի 20-ամյակի առիթով Հայրապետական կոնդակով հայոց բանակին պահապան հռչակվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորի Սուրբ խաչը: Վեհափառ հայրապետի տնօրինությամբ պատրաստված պատմական Ս. Խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում զետեղվել էր Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխար, փոխանցվեց ՀՀ Զինված Ուժերին:

Գիտամշակութային մեծ ձեռքբերում կարող ենք նկատել «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը Մայր Աթոռում, որը գրադարանային բոլոր պայմաններն է ապահովում գիտական հասարակության համար` առիթ ընձեռելով օգտվելու Մայր Աթոռում պահվող հարուստ ժառանգությունից:

Սոցիալական ծրագրերի թվում կարեւոր ձեռնարկ էր Արաբկիրում «Նագգաշյան մանուկների տուն» կենտրոնի բացումը, որտեղ 10 տարեկանից բարձր 20 աղջիկներ ստանում են մասնագիտական կողմնորոշում եւ սոցիալական աջակցություն, հմտանում են զանազան արհեստների մեջ:

Սիրիայի ներքաղաքական կացության հետեւանքով ծանր վիճակում հայտնված սիրիահայ համայնքին աջակցելու նպատակով Մայր Աթոռը թեմերում նախաձեռնեց դրամահավաք, որի առաջին գումարը` 200.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց Դամասկոսի թեմին` համայնքի առաջնահերթ կարիքների բավարարման համար: Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու քայլեր եւս ձեռնարկվեցին: Մայր Աթոռում գործող Կլոր սեղան հիմնադրամի միջոցով 200 ընտանիքների ապահովվում է ամսական սնունդ եւ անհրաժեշտ այլ պարագաներ: Անշուշտ, Մայր Աթոռը կշարունակի այս ուղղությամբ ջանքեր ներդնել` հորդորելով բոլոր հայորդիներին դժվարին այս ժամանակաշրջանում սատարել սիրիահայությանը: Առաջիկային եւս Մայր Աթոռը 100.000 ԱՄՆ դոլար գումար կփոխանցի Դամասկոսի թեմին:

Եղե՞լ են դժվարություններ անցնող տարում:

Մինչ այդ մասին խոսելը, նշեմ, որ Հայ եկեղեցին անցնող տարում մեծ կորուստ ունեցավ. վախճանվեց Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, ի Տեր հանգչեց նաեւ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Ավստրալիայի առաջնորդ արդեն նշանակվել է Հայկազուն Սրբազանը, վերջինիս փոխարեն Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար է նշանակվել Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը: Իսկ Երուսաղեմի Ս. Աթոռը առայժմ թափուր է. առաջիկա հունվարին տեղի են ունենալու Երուսաղեմի պատմական Աթոռի 100-րդ գահակալի ընտրությունները:

Իսկ ամենօրյա գործունեության ընթացքում միշտ էլ կարող են հանդիպել դժվարություններ, սակայն դրանք չեն վհատեցնում: Հայ առաքելական եկեղեցին աշխարհասփյուռ հաստատություն է եւ հասկանալի է, որ խնդիրներ կարող են ծագել նրա տարբեր կառույցներում: Միակ խնդիրը, որ այսօր առկա է եկեղեցական անդաստանում, Ֆրանսիայի Նիսի համայնքի մի խումբ անդամների հակառակության ոգու դրսեւորումն է եկեղեցական կանոնական սկզբունքների եւ Եկեղեցու նվիրապետության դեմ:

Սակայն Մայր Աթոռը լավատես է եւ ամեն ինչ անում է ծառացող խնդիրները հաղթահարելու համար:

Որոնք են հաջորդ տարվա առաջնահերթություններն ու սպասելիքները:

Հաջորդ տարի, Աստծո կամոք, հնարավոր է, որ գումարվի Հայ եկեղեցու ընդհանուր եպիսկոպոսաց ժողովը, որը քննության պիտի առնի եկեղեցական կյանքի տարբեր խնդիրներ: Նշեմ, որ այս ժողովը մի քանի տասնամյակ, եթե ոչ հարյուրամյակ չի գումարվել եւ սա մեծ ձեռքբերում կլինի եկեղեցական կյանքի համար:

Նախատեսվում է Հայաստանում եւ սփյուռքում նոր թեմերի ստեղծում: Մայր Աթոռում կձեւավորվի քարոզչական կենտրոն, կբացվի Ռուբեն Սեւակի թանգարանը, ինչպես նաեւ թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտելու պարագային կկատարվի Արշիլ Գորկիի նկարների փոխադրությունը Ս. Էջմիածին: Նաեւ ջանքեր կներդրվեն Մայր Աթոռի կառույցների առավել արդյունավետ գործունեության համար, որին պիտի նպաստեն նաեւ ստեղծվող անհրաժեշտ նոր պայմանները:

2013 թ. կարեւոր իրադարձություններից կլինի նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ կենտրոնի բացումն ու եկեղեցու օծումը Մոսկվայում:

Վերջում կուզենայի նշել, որ Եկեղեցին անհաղորդ չէ ազգային եւ հանրային կյանքը հուզող զանազան խնդիրներին եւ ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցությամբ հետամուտ է իր հոգեւոր-ազգային առաքելության իրագործմանը եւ այդ առումով կարելին պիտի անի հաղթահարելու համար այդ ճանապարհին ծնունդ առնող հրամայականներն ու խնդիրները: