9-ամյա Տիգրան Պապիկյանն արդեն երկու օր է ինչ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է:
Տիգրանը մեկ շաբաթ առաջ փախել էր Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման խումբը նրան գտավ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում: «Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփելա գլխիս, ու ինքը ինձ միշտ ծեծում ա…դրա համար էլ փախել եմ». պատմել էր տղան:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, երեխան անմիջապես տեղափոխվել է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Ավելի ուշ՝ երեկոյան, մորեղբայրը վերցրել էր երեխային՝ խոստանալով, որ տանից կվերցնեն փաստաթղթեր եւ հագուստ եւ մյուս օրն առավոտյան կվերադառնան: Երկու օր շարունակ մորեղբայրը եւ երեխայի խնամակալ հանդիսացող պապը տարբեր պատճառաբանություններով խուսափում էին երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տալ:
Դեկտեմբերի 21-ին Պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ փոքրիկը նորից փողոցում է: Ոստիկանության միջամտությամբ 9 ամյա փոքրիկին գիշերը 1-ի սահմաններում գտան Այգեստան թաղամասում: Երեխան տեղափոխվեց Ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Այժմ երեխայի հետ աշխատում են համապատասխան մասնագետներ: Նա թեեւ ունի հարազատներ, բայց վերջիններս խուսափում են երեխայի պատշաճ խնամքն իրականացնելուց:
Հատկանշական է նաեւ այն փաստը, որ անգործության է մատնված Երեւանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, որը կոչված է իրականացնելու երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների եւ շահերի խախտման, երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում:
Պաշտպանի աշխատակազմը մտահոգված լինելով այս խնդրով՝ գրություններ է ուղարկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Ոստիկանություն եւ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:































