Ռուսաստանի Օրենբուրգ երկրամասում դատարանը դատապարտել է նախկին ոստիկաններին, որոնք սպանել էին կալանավորված Արմեն Սարգսյանին եւ թաքցրել էին այդ հանցագործությունը։ Նրանցից երկուսը դատապարտվել են 13 տարի ազատազրկման ուղղիչ գաղութում, 3-ը՝ 150-170 ժամ պարտադիր աշխատանքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործի մասին հայտնի էր դարձել անցած տարվա վերջին, երբ 2011 թվականի նոյեմբերի 19-ին Օրենբուրգի քրեական հետաքննության օպերատիվ որոնողական բաժիններից մեկում մահացել է 34-ամյա տեղի բնակիչ, հայազգի Արմեն Սարգսյանը, որը կալանավորված էր գողության կասկածանքով։ Ռուսաստանի Հետաքննական հանձնաժողովի երկրամասային կառավարությունը 2011 թվականի նոյեմբերի 29-ն քրեական գործ է հարուցել ոստիկանների դեմ ծառայողական պարտականնությունները գերազանցելու փաստով։  Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ «մահը կրում է քրեական բնույթ»։

Գործի նյութերից հետեւում է, որ ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ ստանալու համար նրան բռնության էին ենթարկել էլեկտրահոսանքով եւ հակագազով խեղդելով։ Տուժածը խեղդամահ է եղել։ Մեղադրյալներից երեքը հանցագործության վկաներն են եղել, բայց նույնիսկ չեն փորձել նրանց կանգնեցնել եւ օգնել կալանավորվածին։

Բոլոր ոստիկաններն էլ հեռացվել են աշխատանքից, երկուսը ձերբակալվել են , իսկ 3 հոգի գտնվել են տնային կալանքի տակ։