Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի ընթացքում գրանցվել են էական դրական տեղաշարժեր։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով, նշված ուղղությամբ կարևորվում է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը: «2012 թվականին գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է 303.6 հազ. հա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 16.9 հազ. հա-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 787.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.3 %-ով: Ոլորտում աճն ապահովվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության արատադրանքի ավելացման հաշվին»,- նշել է նախարարը:

Նա նշել է, թե 2012 թվականին, ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների, գրանցվել է գրեթե բոլոր  մշակաբույսերի համախառն արտադրանքի աճ: «Այսպես, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը կազմել է 455.0  հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 3.3 %-ով, իսկ կարտոֆիլի արտադրության ծավալը կազմել է 630.0 հազ. տոննա, որն ավել է նախորդ տարվա մակարդակից 13.0 %-ով: Օպերատիվ տվյաներով բանջարեղենի արտադրության ծավալը կազմել է 849 հազ. տոննա, իսկ խաղողինը` 242.0 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, համապատասխանաբար` 7.8 և 5.4 %-ով: Բուսաբուծական մթերքներից առավել մեծ աճ է ապահովվել պտղի և հատապտղի արտադրության բնագավառում, այն, օպերատիվ տվյալներով, կազմել է ավելի քան 331 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը շուրջ 39 %-ով»,- ասել է նախարարը:

2012 թվականի տարեսկզբի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 27.9 հազ. գլխով, այդ թվում` կովերինը 10.8 հազ. գլխով, մանր եղջերավորներինն ավելացել է 57.7 հազ. գլխով: Նշված ժամանակահատվածում 561 հազ. գլխով ավելացել է նաև թռչունների գլխաքանակը:

Անասնագլխաքանակի աճը կարևոր նախադրյալ հանդիսացավ 2012 թվականին անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: 2012 թվականին, օպերատիվ տվյալներով, հիմնական անասնապահական մթերքների արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 3.3-3.8 %-ով:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am