Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները զգալի չափով կախված են Ադրբեջանի վրիպումներից։ Այսպիսի կարծիք դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ վերջին ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լուրջ փոփոխություններ չկան՝ փոխվել է հենց ինքը՝ Ադրբեջանը. Նա ավելի անկանխատեսելի է դարձել, նույնիսկ ինքն իրեն վնասող։
Մասնավորապես, քաղաքագետը նշեց Ռամիլ Սաֆարովի պատմությունը։ «Մարդասպանի հերոսացումը նվեր դարձավ Հայաստանի համար։ Ամբողջ պատմությունը վնասել է Ադրբեջանի համբավը»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ դրանով Բաքուն ինքնաբերաբար ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում։
«Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2012 թվականին գտնվել է ուժեղ դիրքերում։ Սակայն անհրաժեշտ է ավելի նախաձեռնող լինել, քանի որ Երեւանի հաջողությունները դեռ շատ բաներում պայմանավորված են Բաքվի վրիպումներով»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը։





























