Առողջապահական 451 կազմակերպությունները 2012 թ. հունվար-նոյեմբերին պետական բյուջեին վճարել են 12.1 մլրդ դրամ հարկեր, որից 4.8 մլրդ դրամ ուղղակի հարկեր, ինչպես նաեւ՝ 7 մլրդ դրամ սոցապ վճարներ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Վճարված հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 16.6%-ով, ընդ որում՝ 79%-ով՝ շահութահարկինը: Աճել է նաեւ եկամտահարկը եւ սոցապհարկը:

«Շահութահարկի առաջանցիկ աճի տեմպը եկամտահարկի նկատմամբ ցույց է տալիս, որ բուժաշխատողների աշխատավարձը համարժեք չի աճում եկամուտների աճին, ինչի մասին զգուշացվել են մարզպետները»,- ասաց առողջապահության նախարարը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ 6 ամսվա կտրվածքով առողջապահական հաստատությունների վճարած հարկերի ծավալը մտահոգիչ էր, սակայն վերջին ամիսներին կան դրական միտումներ: «Սակայն հիվանդանոցների կեսից ավելին տնտեսական աճին համարեք աճ ցույց չեն տալիս, այդ պատճառով հսկողական աշխատանքներն ուժեղացրել ենք»,- ասաց Ա. Ալավերդյանը: