Ռուսաստանի ռազմածովային ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումների ծովային հետեւակայինները, որոնք գտնվում են Սիրիայի ափերից ոչ հեռու տեղակայված սեւծովյան նավատորմի նավերի վրա, իրենց անվտանգության ապահովման նպատակով զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Միջերկրական ծովի նշված շրջանում ռուս ծովայինները կանցկացնեն մի շարք հակաօդային, հականավային եւ հակասուզանավային պաշտպանությանն ուղղված վարժանքներ եւ պարապմունքներ, կփորձարկեն կապի եւ լողի կազմակերպման հարցերը:
Դեկտեմբերի 27-ին Սեւծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» եւ «Ազով» խոշոր դեսանտային նավերը անցել են Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները եւ մոտ ժամանակներում կմիանան «Մոսկվա» հրթիռային հածանավի, «Սմետլիվի» պահակային նավի, «Իվան» տանկերի եւ ԲՍ-406 ծովային բուկսիրի կազմով Սեւծովյան նավատորմի նավասյունին, որոնք Միջերկրական ծովի արեւելքում կատարում են ռազմական ծառայության պարտականությունները։
«Նիկոլայ Ֆիլչենկով» եւ «Ազով» խոշոր դեսանտային նավերը Նովոռոսիյսկից ծով են դուրս եկել դեկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Սեւծովյան նավատորմի «Նովոչերկասկ» եւ «Սարատով» խոշոր դեսանտային նավերին, որոնք դեկտեմբերի սկզբին միացյալ կազմով մարտական պատրաստվածության աշխատանքների ավարտից հետո լքել են Միջերկրական ծովը։





























