Հայաստանի ոստիկանությունը կոչով դիմել է քաղաքացիներին` Ամանորին հրավառությունների վերաբերյալ:
«Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաեւ մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետեւանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես եւ հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչեւ 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ նշված ժամանակից սահմանված է բացառություն, եւ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01.00-ն:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ Ամանորի տոնի կազմակերպումը սահմանափակելը չէ, սակայն հորդորում է խստիվ պահպանել օրենքի պահանջը եւ զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց:
Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման եւ ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի եւ օրինականության պահպանումը»,- ասվում է կոչում:





























