Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին, Հունան Պողոսյանը կարեւորվեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:

Ընդգծվեց նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների եւ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունան Պողոսյանն անդրադարձավ օրակարգային մի շարք այլ հարցերի եւս, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: