Էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախընտրական տեսահոլովակում տեղ են գտնելու նաեւ Սասնա Ծռեր էպոսի հետեւյալ տողերը` «Ով քնած է արթուն կացեք, որ արթուն է հելեք, կացեք»:Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նա փոխանցեց, որ նախընտրական տեսահոլովակում լինելու են ասմունքողներ, երաժշտական ձեւավորում: «Փող բաժանելու  հետ կապված էլ հատված է լինելու: Մեր էպոսի մեջ կա հատված, երբ մանուկ Դավթի առաջ դնում են ոսկին եւ կրակը, որպեսզի որոշեն նա ուղեղով է ապրում, թե հոգով: Մսրա Մելիքը ասում է, եթե փող վերցնի` սպանելու եմ: Այսինքն` ազգը, փողը վերցնելով, սպանված-վերջացած է` փողը վերցնում է եւ  հինգ տարի մտածում է, թե ինչ է անելու: Ազգի արջեւ դրվելու է ընտրություն` փող, թե կրակ»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Նա որպես էպոսագետ ասաց, որ քաղաքական կառույցները Ձենով Օհանին եւ Քեռի Թորոսին են ներկայացնում: «Լեւոն Տեր-Պետրոսյանը օրենսդիրն է` ձենով Օհանը, քանի որ  մեր պետության բոլոր հիմնական ինստիտուտները հիմնադրվել են իր օրոք: Իսկ, երբ ինքը հրաժարական տվեց, եւս մեկ ապացույց իմ ասածի, ասաց` քաղաքական կուսակցությունը գնում է եւ գալիս է պատերազմող կուսակցությունը: Իսկ այդ ժամանակ իշխանության էին գալիս Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ովքեր էլ Քեռի Թորոսն են եւ միշտ զորքով էին գնում կռվի դաշտ: Իսկ Ձենով  Օհանը ցանկացած կոնֆլիկտի ժամանակ ասում էր գնանք բանակցություններ վարենք, լեզու գտնենք, աղջիկ տանք, ոսկի տանք: Իսկ Վերգոն դա կառավարություն է` վարչապետը, որը միշտ էական բան չի որոշում»,- համեմատեց էպոսագետը:

Հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը իրեն խորհրդական հրավիրի, կընդունի առաջարկը, թե ոչ, Սեդրակյանն ասաց. «Եթե չկա: Նման տաբերակ չկա, որ Սերժ Սարգսյանը լինի նախագահ, ես էլ մտածեմ` խորհրդական դառնամ, թե չէ: Իմիջիալյոց, Սերժ Սարգսյանը, քանի որ երկար տարիներ եղել է ԱԱԾ տնօրենը, ի տարբերություն ձեզ, ինձ շատ լավ է ճանաչում: Ոչ անձամբ, բայց գոնե իմ գործունեությունը եւ, եթե նման հնարավորություն լիներ, որ ես կարող էի նման քայլի գնալ, վաղուց արդեն առաջարկած կլիներ խորհրդականի պաշտոնը»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը: