Ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ կարող է մասնակցել կառավարական թիվ 2 մասնաշենքի աճուրդին եւ ձեռք բերել այն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած նոր գնորդ պարտավորվելու է ԱԳՆ շենքի փոխարեն կառուցել հյուրանոց՝ պահպանելով շենքի արտաքին ճարտարապետական տեսքը: «Ոչ մի արտառոց բան չկա, ընդամենը որոշել ենք գույքի 100%-ի չափով այն վաճառել աճուրդով»,- ասաց Ա. Սահակյանը:

Եթե ԱԳՆ շենքը աճուրդով չվաճառվի՝ այն 51 մլն դոլարով կտրվի Էդուարդո էռնեկյանի «Տանգո» ընկերությանը, որի հետ կնքվելու է նախնական պայմանագիր:

ԱԳՆ շենքի վաճառքի պայմանների փոփոխությունը Ա. Սահակյանը բացատրեց գործընթացն ավելի թափանցիկ եւ հրապարակային դարձնելու անհրաժեշտությամբ: