Երեկոյան, երբ պառկում եք քնելու, մտածեք՝ ինչ եք արել ազգի համար: Տարեվերջն էլ երեկոյի նման է, ուզում ես տեսնել, թե տարվա ընթացքում ինչ ես արել ազգի համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի  27-ին կայացած մամուլի ասուլիսում, մեջբերելով հայ հայտնի զորավար Անդրանիկ Օզանյանի խոսքերը, նշել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ամփոփելով տարվա ընթացքում հիմնադրամի կատարած աշխատանքը:

Ըստ փորձագետի՝ մայիս-հունիսին իրենք գիտարշավ են կազմակերպել Իրանի հայ համայնքներ: «SOS մշակույթ» ծրագրի շրջանակում արշավներ են կազմակերպվել Հայաստանի Շիրակի, Լոռիի, Տավուշի մարզեր: Մի քանի գիտարշավ է կազմակերպվել դեպի Արցախ եւ Վրաստան:

Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գտնվող պատմական հուշարձանների հետ կապված արդիական խնդիրներին, փորձագետը նշել է, որ առավել խոցելին ադրբեջանական տարածքում գտնվողներն են, զորօրինակ՝ Ջուղայի գերեզմանատունը: Թուրքիայում, ընդհակառակը, պատմական որոշակի հուշարձանների վերականգնման աշխատանքներ տարվում են, սակայն դրանք քաղաքական երանգ ունեն: Վրաստանում ոչ ոչնչացնում են, ոչ վերականգնում, բացառությամբ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու, որտեղ վերականգնողական աշխատանքներ են տարվել:

Փորձագետը նաեւ նշել է, որ երկրի հյուսիսային մարզերում գիտարշավների ընթացքում հայտնաբերել են, որ Դսեղ եւ Պեմզաշեն գյուղերի վանքերը լուրջ վերականգնման կարիք ունեն: