Կրասնոդարում գործող բնապահպան Սուրեն Ղազարյանը քաղաքական ապաստան է խնդրել Էստոնիայից, քանի որ վախենում է Ռուսաստանի Կրոսնոդարի երկրամասի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչյովի կողմից հետապնդումների ենթարկվելուց, հաղորդում է Delfi-ն:
Ղազարյանն իր Twitter-ում հաստատել է տեղեկությունը, որ գտնվում է Էստոնիայում:
Նա պատմել է, որ քաղաքական ապաստան տալու մասին հայցը ոստիկանության եւ սահմանապահ պահպանության դեպարտամենտի Քաղաքացիության եւ միգրացիայի բաժին է ներկայացրել երկու շաբաթ առաջ: Այն կքննարկվի կես տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասում Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել «սպանության սպառնալիք» հոդվածով: Քննիչները կարծում են, որ բնապահպանը 2012-ի օգոստոսի 2-ին, Գելենջիկի շրջանում սպառնացել է սպանել, այսպես կոչված, «Պուտինի պալատի» անվտանգության աշխատակիցներին: Նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել, իսկ գործի հետաքննությունը դադարեցվել է:
Ավելի վաղ Ղազարյանը հայտնել էր, որ փախել է «եվրոպական երկրներից մեկը», սակայն չէր կոնկրետացնել, թե որ երկիր: Նա այստ տարվա հունիսի 20-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ 2 տարի պայմանական փորձաշրջանով՝ իր բնապահպան ընկեր Եվգենի Վիտիշկոյի հետ այսպես կոչված «Տկաչյովի ամառանոցի» ցանկապատը վնասելու համար:





























