Ստամբուլի կենտրոնում 2012-ի փետրվարի 26-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական բողոքի ակցիայի ժամանակ հայերին վիրավորող կարգախոսներ պարզողներից 6 հոգի դատարանի կողմից պատժի արժանացան։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքացիական գործերով 41-րդ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մասնակցել են 10 ամբաստանյալները, ովքեր վերջին խոսքում եւս պնդել են, թե չեն ընդունում իրենց դեմ առաջադրված մեղադրանքը՝ պահանջելով արդարացնել իրենց։
Դատարանի վճռով ամբաստանյալներ Դերյա Քաբաքչըն, Բուրաք Քահվեջին, Ջիհան Դաբաքը, Ումութ Աքբուլութը, Հասան Հուսեյինը, Քոջաբեյ եւ Քազըմ Բույուքբունարը Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով՝ «Ժողովրդին ատելության եւ թշնամության դրդելու», դատապարվեցին 5-ական տարվա ազատազրկման։ Սակայն դատավորն այս պատիժը փոխարինեց դրամական տուգանքով՝ ամեն մեկին 3000 լիրայի (1600 դոլար) չափով։
Դատարանը մյուս 4 ամբաստանյալներին արդարացրեց՝ ապացույցների անբավարարության պատճառով։
Նշենք, որ թուրքական իշխանությունների հովանավորությամբ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունեցել Խոջալուի իրադարձություններին նվիրված բողոքի ակցիա, որը վերածվել է հայերի դեմ ատելություն եւ թշնամանք հրահրող միջոցառման, որի ժամանակ հավաքվածների ձեռքին եղել է հայերին խիստ վիրավորող հայհոյախառն կարգախոսներ։





























