Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին:
• Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր:
• Պահպանել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի պահպանման հարեւանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
• Պատրաստի սննդամթերքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
• Սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:
• Սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
• Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի օգտագործումը:
• Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
• Սնկերը գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
• խորհուրդ չի տրվում երեխաներին եւ հղի կանանց սննդում օգտագործել սունկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
• Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:





























