Մի քանի ամիս առաջ Երեւանի ոստիկանական բաժանմունքներից մեկում ծեծի ենթարկված երիտասարդի մայրը հույս ունի, որ արդարությունը կհաղթի: «Եթե որդիս մեղավոր է, պետք է պատժվի: Եթե անմեղ է, անհապաղ պետք է ազատվի: Սակայն ամեն դեպքում, հասարակությանը պաշտպանելուն կոչվածները, որոնք ոստիկանական բաժանմունքն օգատգործում են մարդուն խոշտանգելու համար, պետք է պատժվեն»,-հայտարարեց Նարինե Ասատրյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ գողության կասկածանքով ոստիկանները հինգ հոգու, այդ թվում` Ռ. Օ-ին տարել էին ոստիկանական բաժանմունք: Նա պնդում է, որ խոստովանական ցուցմունքը տվել է ֆրզիկական հաշվեհարդարի ժամանակ: Ընդ որում` բերման ենթարկելու ժամկետ է նշված հոկտեմբերի 4-ը:
Փաստաբանի եւ ծնողների պահանջով դատաբժշկական փորձաքննություն է կատարվել, որն արձանագրել է ծեծին բնորոշ տարբեր վնասվածքներ եւ կապտուկներ: Ռ. Օ-ին հարցաքննել են առանց փաստաբանի, ինչն անօրինական է. երիտասարդը 2008 թ-ից հաշվառման է կանգնած ներվոլոգիական բաժանմունքում, եւ փաստաբանի ներկայությունը պարտադիր էր:
Նարինե Ասատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանական գործողությունների դեմ, եւ արդյունքում Ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժնի քրեակական հետախուզության երկու օպերլիազորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 309 եւ 314 հոդվածներով:
Երիտասարդի մոր խոսքով` արդեն տվյալ փուլում մեղադրանքի յոթ դրվագից վեցը հանվել է: «Դա բացարձակապես զուրկ է տրամաբանությունից: Եթե նա մեղավոր է, ապա բոլոր յոթով: Եթե անմեղ է, ապա ինչու է եւս մեկ դրվագ մնացել»,-կարծում է Նարինե Ասատրյանը: Նա խոստովանում է , որ Ռ. Օ-ն դատապարտվել է գողության համար: Սակայն ներկայումս իրեն մեղսագրվող հանցանքը նա կտրուկ ժխտում է:
Ներկայումս Ռ. Օ-ի փաստաբանը բողոքարկում է խափանման միջոցի որոշումը: Բողոքը դեկտեմբերի 28 –ին Վճռաբեկ դատարան կներկայացվի:




























