Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի տարածքում ձորն ընկած մեքենայի վարորդը, ով տեղում մահացել էր, ըստ շրջանառվող լուրերի զինծառայող էր: Նա ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում եւ զբաղեցնում էր բարձր պաշտոն: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, վթարի ենթարկված մեքենան դեռեւս ձորից դուրս չի բերվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթէար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում, Ֆիոլետովո գյուղի մոտ «ՎԱԶ-2108» մակնիշի 19 ՏՕ 586 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ 30-40 մետր գլորվել հարակից ձորակը: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները մեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել 52-ամյա Իշխան, 24-ամյա Հակոբ եւ 29-ամյա Հովհաննես Ալիխանյաններին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:
Հովհաննես Ալիխանյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները Ի. Ալիխանյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ալիխանյանինը` միջին ծանրության:
Լուսանկարները ՝Էդվարդ Արզումանյանի





























