«Ժամանակը» զրուցել  է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ։ Մեջբերում ենք հատված հարցազրույցից.

«-Ինչպե՞ս եք մեկնաբանում 2013թ. նախագահական ընտրություններին վերաբերող ՀԱԿ-ի այն որոշումը, թե «Հայ ազգային կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որրեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»։

-    Ինձ համար ՀԱԿ-ի հայտարարության մեջ շատ գնահատականներն ընդունելի են, բայց ինձ զարմացնում է  ՀԱԿ-ի այդ որոշումը կայացնելու հապճեպությունը։ ՀԱԿ-ը պարտավոր էր հարգել իրեն մաս կազմող կուսակցություններին այն առումով, որ նախ նրանք իրենց կուսակցություններում այդ հարցը քննարկեին, հետո նոր Կոնգրեսն ընդհանուր որոշում կայացներ։ Օրինակ՝ մեր կուսակցությունը դեկտեմբերի 25-ին որոշում էր ընդունել, որ նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի, որեւէ թեկնածուին սատարել-չսատարելու, մարտավարության, մասնակցելու կամ բոյկոտելու հարցերը կքննարկենք հունվարի կեեին, երբ նախընտրական ամբողջ խճանկարը պարզ կլինի։ Բայց իրենք այդպես հապճեպ այդ հարցը քննարկել են ու, ցավոք սրտի, մեր կուսակցության ներկայացուցիչն էլ համաձայնել է դրան՝ շրջանցելով նաեւ մեր կուսակցության մի օր առաջ կայացրած որոշումը։ Թեկուզ ես լինեի մասնակից ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստին, այդ որոշումը չէր կարող մեր կողմից իրավական ուժ ունենալ, որովհետեւ մեր քաղխորհուրդը մի օր առաջ ուրիշ որոշում էր ընդունել։ Այսինքն՝ ՀԱԿ-ի այդ որոշումը մեր կուսակցությանը չի վերաբերում։

- Բայց չէ՞ որ ձեր կուսակցության ներկայացուցիչը համաձայնել է։

- Ցավոք սրտի, համաձայնել է, բայց այդտեղ որեւէ քաղաքական հետին բան չկա, ոչ էլ ինտրիգներ կան։ Պարզապես ինքը շատ ազնիվ մարդ է, եւ բովանդակային առումով այդ որոշմանը չէր կարող չհամաձայնել։ Բայց ինչի՞ համար է  այդ հապճեպությունը։ Հիմա այդ որոշումն ու հապճեպությունը մեր կուսակցությունում խնդիրներ ստեղծեցին։ Մենք դրա իրավունքը չունենք, մինչեւ մեր քաղխորհրդի հաջորդ նիստը այդ ոոշումը մեզ համար ընդունելի չէ։ Հնարավոր է, որ մեր քաղխորհրդի նիստում քննարկենք ու հավանություն տանք դրան, բայց կարող է եւ չընդունենք։ Բայց դա պետք է լինի մեր քաղխորհրդի հերթական նիստի որոշումը, որը կլինի հունվարի կեսերին...»,- մեջբերում է «Ժամանակը»։