Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի մասին հայտարարության շուրջ իրադրությունը սրելու ցանկություն միայն ընդդիմությունն ուներ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում՝ հավելելով, որ ադրբեջանցիներն այդ հարցում լարված չեն, հաղորդում է  «Ինտերպրեսնյուզը»:

Ավելի վաղ, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը եւ Բաքվի բանակցությունները, Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Դավիթ Նորմանիան հայտարարել էր, որ  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը չի դադարեցվելու, եւ այդ հարցն ընդհանրապես չկա օրակարգում: 

Ըստ նրա` վրացական կողմը քննարկում է միայն այդ նախագծի տնտեսական չափորոշիչների վերանայումը: Ըստ նախարարի` քննարկման հիմնական առարկան որոշակի մարքեթինգային հետազոտություն անցկացնելու հնարավորությունն է եղել, հայտնում է «Business Գռուզիան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Իվանիշվիլին «Ռեզոնանսի» թերթի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ  Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի հետ կապված մի շարք հարցեր ունի, որոնք մտադիր է քննարկել Ադրբեջան այցի ընթացքում:  Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ տվյալ նախագիծը կկրճատի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը: Իվանիշվիլիի հայտարարություններին կտրուկ արձագանքել էր նախագահ Սահակաշվիլին՝ հայտարարելով, որ  դա Վրաստանը Ռուսաստանից կախվածության մեջ կդնի։ 

Բաքու այցի ժամանակ Իվանիշվիլին, սակայն, նահանջել էր՝ նշելով, որ «հապճեպ հայտարարություն» է կատարել: