«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի միանում ՀԱԿ հայտարարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, դեկտեմբերի 25-ին իրենց կուսակացության քաղխորհուրդը որոշում է ընդունել` կուսակցության մասնակցության ձեւաչափին կանդրադառնան հունվարի 15-ից հետո, երբ կլինի առաջադրվածների ցանկը: «Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող չկատարել մեր կուսակցության մոտեցումը: Ուղղակի տեխնիկական խնդիր էր առաջացել: Մեր կուսակցության փոխնախագահը մասնակցել էր ՀԱԿ-ի նիստին եւ այդ հայտարարության բովանդակային մասին համաձայնել էր: Բայց դա արդեն հակասում էր մեր կուսակցության դեկտեմբերի 25-ի որոշմանը: Դրա համար ես հայտարարել եմ, որ մեր կուսակցությունը մինչեւ մեր քաղխորհրդի որոշումը այդ հայտարարությանը չի միանա»,-  ավելացրեց Պետրոս Մակեյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, թե նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չի սատարելու: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե չի առաջադրելու իր թեկնածությունը: